«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Դիսկուրսի բացակայություն

Դիսկուրսի բացակայություն
02.12.2014 | 00:05

Հավատացեք՝ ամենամեծ դժբախտությունն այն չէ, որ մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին: Ես անձամբ դեմ եմ այդ միությանն անդամակցելուն, սակայն պետությունների ցանկացած համախմբում ծնում է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ: Ասածս այն է, որ արդյունավետ կառավարման, ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է նույնիսկ օգուտներ քաղել ԵԱՏՄ-ից, որի անդամ երկրների տնտեսությունները բնավ էլ օրինակելի ու մրցակցային, մրցունակ ու պրոգրեսիվ չեն համարվում:
Դժբախտությունն այն է, որ մեզանում այս հարցով լուրջ դիսկուրս չկա: Եվրասիական ինտեգրմանը կողմ արտահայտվողները մեջբերում են նախագահին կամ մեկ-երկու հերթապահ նախադասությամբ փորձում են լղոզել իրենց ասելիքը: Ինտեգրման ընդդիմախոսները նույնպես հակված չեն բանավեճի, որովհետև եթե ԵԱՏՄ-ի կողմնակիցներին անվանում ես դավաճան, ապա բանավեճի, քննարկման, փոխհամաձայնության պատուհանը փակվում է:
Մոլդովան մեզնից զարգացած երկիր չէ՝ ոչ հասարակության ինքնագիտակցությամբ ու կենսամակարդակով, ոչ քաղաքական մշակույթի ու պատմության առումով: Բայց նախանձով հետևում էի երեկ ավարտված իրենց խորհրդարանական ընտրարշավին, որում հիմնական բանավեճն ընթանում էր հենց երկրի զարգացման հեռանկարի հարցի շուրջ, կուսակցություններն անկաշկանդ հայտնում էին իրենց դիրքորոշումները՝ հասարակությանը տալով այլընտրանք ունենալու հնարավորություն: Ոմանք կասեն՝ մենք քննարկելու, բանավիճելու բան չունենք, որովհետև Ղարաբաղի հարցը մեզ զրկել է մանևրելու հնարավորությունից: Կտրականապես չեմ համաձայնի, որովհետև Մոլդովան էլ ունի Մերձդնեստրի հարց ու մեզ նման գոյատևում է հիմնականում Ռուսաստանից եկող տրանսֆերտների հաշվին:
ՈՒղղակի մեզանում բացակայում է քաղաքական բանավեճի, նաև կոմպրոմիսների գնալու մշակույթը:
ՈՒ եթե այդ մեծ բացը չլրացնենք, ապա վաղը, մյուս օրը չենք կարող օգտվել այն փոքր պլյուսներից, որ մեզ տալու է ԵԱՏՄ-ն, ու չենք կարող դիմակայել այն մարտահրավերներին, որ առաջանալու են եվրասիական ինտեգրացիայի ճանապարհին: ՈՒ այստեղ մեղավորը միայն իշխանությունը չէ, մեղավոր ենք բոլորս, որ բանավիճելու փոխարեն պիտակավորում ենք, փաստարկի փոխարեն անվանարկում ենք:
ՈՒ այդպես է բոլոր հարցերում:
Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Սերժ Սարգսյանն արել է արարքներ, ինչը հնարավոր չի դարձնում նրա հետագա պաշտոնավարումը: Ամեն օր դա ասում են նաև խորհրդարանի այն պատգամավորները, ովքեր մեծամասնության մեջ չեն: Բայց նրանք չցանկացան հնարավոր դարձնել Փաշինյանի նախագծի քննարկումը (չեմ ասում՝ ընդունումը) ու նաև այն պատճառով, որ փաստաթուղթն իբրև թե թերի է:
Լավ, բա 44 ստորագրություն ապահովեիք, հարցը քննարկեիք, ձեր գործընկերոջը համոզեիք, որ այդ հիմքերով չի կարելի նախագահին անվստահություն հայտնել, կամ էլ անկեղծ ասեիք, որ դրա քաղաքական նպատակահարմարությունն այս պահին չենք տեսնում: Չէ, դա բարդ ճանապարհ է, ընտրեցին ավանդականը. մեծամասնությունը չնկատելու տվեց Նիկոլի առաջարկը, ոչիշխանականները նրան պիտակավորեցին՝ խոսելով Բաղրամյան 26-ի պատվերի, այլ անհեթեթությունների մասին:
Մեր թշնամին ո՛չ Եվրամիությունն է, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն, մենք ենք՝ մեր իմպոտենտ քաղաքական համակարգով, քաղաքական մշակույթի բացակայությամբ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ